1 Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Լսեցէք այս, ով ամեն ժողովուրդներ, եւ ականջ դրէք, ով աշխարհքի բոլոր բնակիչներ.
2 Հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ եւ աղքատ՝ ամենեքեան։
3 Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն։
4 Ես իմ ականջը կխոնարհեցնեմ դէպի առակ, եւ քնարով կբանամ իմ խրթին խօսքը։
5 Ի՞նչու վախենամ ես չար օրերումը, թէ իմ խորամանկ թշնամիի անօրէնութիւնը պատում է ինձ.
6 Որ նորանք իրանց ապրանքներին են յուսացած, եւ իրանց մեծ հարստութիւնովն են պարծենում։
7 Մարդ չէ կարող իր եղբօրը փրկել, և ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.
8 Որովհետեւ թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կդադարի.
9 Թէեւ յաւիտեան ապրի եւ ապականութիւն չտեսնէ։
10 Որովհետեւ տեսնում է որ իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ իրանց հարստութիւնը ուրիշներին թողում։
11 Նորանց միտքը սա է՝ թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. Նոքա իրանց անունովը կկանչուին երկիրներումը։
12 Բայց մարդս պատուի մէջ չէ մնում. նման է անասուններին որ կորչում են։
13 Սա է նորանց ճանապարհը որ յիմար են, եւ նորանց հետեւողները հաւանում են նորանց խօսքին։ (Սէլա։)
14 Ոչխարների պէս գերեզմանի մէջ են մատնվում. Մահը նորանց հովիւն է եւ ուղիղները առաւօտանց կտիրապետեն նորանց. Եւ նորանց կերպարանքը կմաշուի գերեզմանումը իրանց բնակարաններիցը դուրս։
15 Բայց Տէրն իմ անձը կփրկէ գերեզմանի ձեռքիցը. Որովհետեւ նա ընդունում է ինձ։ (Սէլա։)
16 Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ։
17 Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. Նորա փառքը չի գնալ նորա ետեւից։
18 Թէեւ նա իր անձը օրհնում է իր կեանքումը, բայց քեզ կգովեն, որ բարի ես անում քեզ։
19 Նա կմտնէ իր հայրերի ազգի մօտ, որ մինչեւ յաւիտեան լոյս չեն տեսնիլ։
20 Մարդս՝ որ պատուի մէջ է եւ իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են։ |