1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Երգ։ Երբոր Դովեկ Եդովմացին եկաւ եւ Սաւուղին պատմեց եւ նորան ասեց թէ Դաւիթն Աքիմելէքի տունն եկաւ։ Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։
2 Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։
3 Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)
4 Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։
5 Աստուած էլ կկործանէ քեզ յաւիտեան. կխլէ եւ կհանէ քեզ քո բնակարանիցը. Եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)
6 Եւ արդարները կտեսնեն եւ կվախենան, եւ նորա վերայ կծիծաղեն։
7 Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չարաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացած եւ իր չարութիւնովը զօրացաւ։
8 Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. Ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից։
9 Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. Եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։ |