1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. Պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։
2 Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.
3 Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառն խօսքը.
4 Որ թագուն գցեն անմեղի վերայ. Յանկարծակի գցում են եւ չեն վախենում։
5 Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. Խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ ասում են. Ո՞վ կտեսնէ նորանց։
6 Նորանք անօրէնութիւններ են խորհում և ասում՝ Կատարեցինք. Հնարը հնարուած է. Մարդիս ներսը եւ սիրտը խոր է։
7 Բայց Աստուած նետ կգցէ նորանց վերայ յանկարծ, խոց կլինի նորանց։
8 Եւ նորանց լեզուն վեր կգցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. ամենքը՝ որ կտեսնեն նորանց՝ կփախչեն։
9 Եւ ամեն մարդիկ կվախենան եւ Աստուծոյ գործքերը կպատմեն, եւ նորա արածը միտք կառնեն։
10 Արդարն ուրախ կլինի Տէրով եւ նորան կյուսայ, եւ կպարծենան ամեն սրտով ուղիղները։ |