1 Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։ Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։
2 Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։
3 Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։
4 Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կօրհնեն քեզ։ (Սէլա։)
5 Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան։
6 Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւրի պէս են շինում. Եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով։
7 Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ։
8 Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. Ականջ դիր, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
9 Ով Մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր։
10 Որովհետեւ լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. Աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը։
11 Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։
12 Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած։ |